ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը

Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
27.04.2024 | 19:29

Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի ուժային կառույցների սվինների օգնությամբ և արտաքին օժանդակությամբ նա կարող է մնալ աթոռին: Պետք է նախորդած ժամանակաշրջանից հետևություններ անել ու դասեր քաղել:

Իշխանափոխությունը ժամերի կամ օրերի խնդիր է դառնում հետևյալ կարևոր գործոնների դեպքում՝

1. քաղաքական-գաղափարական հստակ այլընտրանքային կոդի առկայություն,

2. իշխանության քաղաքական հակաթիմի առկայություն՝ հակաառաջնորդությամբ,

3. կազմակերպչակառուցվածքային աշխատանք, իշխանափոխության մենեջմենթ,

4. ժողովրդական լայն զանգվածների ներգրավվածություն, որի պայմաններում բողոքի գործողություններն ու անհնազանդության ակցիաները կլինեն «օրգանիկ», այլ ոչ թե միայն կուսակցական ռեսուրսով ապահովվող (դրանց ՕԳԳ-ն համարյա զրոյական է),

5. իշխանության ներսում և հատկապես ուժային կառույցներում ճաքերի առաջացում, իշխող ուժի ներսում դիմադրության կամքի զգալի ոչնչացում, ՔՊԿ-ի ներսում պառակտում, իշխանական բուրգի փլուզում:

Իշխանափոխությունը պահանջում է նաև կիրք ու նպատակասլացություն, բայց միևնույն ժամանակ՝ սառը հաշվարկ և զգացմունքները մի կողմ դնելու կարողություն:

Օրինակ՝ չի կարելի մեկ օրվա տարբերությամբ իրարից 180 աստիճանով տարբերվող տեսակետներ հայտնել Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողների մասին: Չի կարելի 24 ժամվա ընթացքում գրել «Կեցցե՛ն մեր հերոս զինծառայողները, որ միացել են ժողովրդին» և «Անիծվեն այդ նույն զինծառայողները, որ վախեցան իշխանական ճնշումներից». դա անլուրջ է: Սա այսրոպեական ոգևորության և հիասթափության վառ օրինակ է, որի կրկնությունը կարող է դեպրեսիայի հասցնել ընդդիմադիր տրամադրությամբ մարդկանց: Ո՛չ ոգևորվելն է ճիշտ, ո՛չ հիասթափվելը: Միայն սառը հաշվարկ:

Պետք է իմանալ, որ միջին վիճակագրական մարդը, այդ թվում՝ զինվորականը, հերոս չէ: Իրենից պետք չէ պահանջել անձնազոհություն, պետք չէ մարդկանց մղել մի քայլի, որից հետո չգիտես՝ արդյոք կարո՞ղ ես այդ քայլին տեր կանգնել, թե՞ ոչ:

Հերոսները եզակի են: Մյուսների համար պետք է անշառ ու անվտանգ ներգրավվածության սխեմաներ մշակել ու առաջարկել:

Զինվորականների միանալը ու հետո իրենց քայլից հետ կանգնելն ընդամենը պետք է գնահատել ուժերի հաշվեկշռի տեսանկյունից: Պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ:

Զինվորականները հաստատ չեն ուզեցել «փչանալ»: Նրանք կարծել են, թե ուժերի հաշվեկշիռը փոխվել է, արել են իրենց քայլը և անկեղծորեն միացել Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց: Բայց հետո պարզվել է, որ իշխանությունը դեռ այնքան ուժ ունի, որ նրանց կարող է ստիպել հետ կանգնել իրենց քայլից ու հանդես գալ մեղայականով: Դա նշանակում է, որ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ և կուտակել այնպիսի ուժեր, որ իշխանությունը չկարողանա ճնշել իշխանական բուրգի ներսում ճաքեր առաջացնող շրջանակներին:

Նույնը վերաբերում է ոստիկանությանը: Եթե ոստիկանությունը կամ առանձին ոստիկաններ տեսնեն, որ ուժը թեքվում է դեպի հակաիշխանական դաշտ, ապա կա՛մ չեն կատարելու «վերևի» հրամաննները, կա՛մ բացահայտ անցնելու են հակաիշխանական դաշտ: Հակառակ դեպքում, իրենք հանուն փողի և հանուն այլ բանի (օրինակ՝ ոստիկաններին կարող են ներշնչել, որ իրենք ցուցարարներին ծեծում են, բերման են ենթարկում հանուն հայրենիքի, ինքնիշխանության, և որ իրենց արածը օրինական է) կշարունակեն ենիչերություն անել:

Պետք է նյարդերի պայքար մղել ու բարոյապես ոչնչացնել փաշինյանական իշխանությանը բոլոր պարամետրերով, ինչին անխուսափելիորեն կհաջորդի իշխանական բուրգի փլուզումը թղթե տնակի պես:

Սա՛ է իրական աշխատանքը: Մնացածը լիրիկայի ժանրից է: Այնպես որ, բոլորս պետք է ջանքեր գործադրենք՝ վերևում նշված 5 կետերը կյանքի կոչելու համար:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5050

Մեկնաբանություններ